Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչները, որոնք բողոքում են, որ «Հյուսիս- Հարավ» ավտոմայրուղու պատճառով իրենք զրկվել են իրենց արոտավայրեր տանող կարճ ճանապարհից, սպառնում են փակել ճանապարհը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր՝ մարտի 2-ին, վաղ առավոտյան գյուղացիները հավաքվել են համայնքի կենտրոնում եւ պահանջում են հստակ ժամկետներ նշել, թե երբ է մայրուղու վրա կառուցվելու իրենց խոստացված կամուրջը, որով էլ կլուծվի իրենց խնդիրը:
Այս պահին գյուղացիների հետ հանդիպման են եկել Արարատի մարզպետարանից եւ փորձում են համոզել չփակել միջպետական ճանապարհը:
Մարզպետարանի աշխատակիցները խոստացել են խնդիրը լուծել: Գյուղացիներն որոշեցին սպասել որոշ ժամանակ. եթե իրենց հարցը չլուծվի, բողոքի ծայրահեղ քայլերի կդիմեն:
Նշենք, որ մարմարաշենցիներին խոստացել էին, որ մինչեւ մարտի 1-ը կամուրջը պատրաստ կլինի եւ որեւէ խոչընդոտ չեն ունենա՝ իրենց հողակտորներ հասնելու համար:











