Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն այսօր՝ մարտի 2-ին, այդպես էլ չեկավ հանդիպման տաքսիստների հետ, որոնք իրենց դժգոհությունն էին հայտնում չլիցենզավորված վարորդների դեմ:

Երեւանի Սմբատ Զորավար 11 հասցեում՝ «Երեւան Մոլի» դիմաց, այսօր մեծ թվով վարորդներ էին հավաքվել, որոնք լիցենզավորման կարգ ունեն եւ կարծում են, որ նախարարությունը պետք է արգելի արտոնագիր չունեցող վարորդներին տաքսի վարել:

«Լիցենզավորման կարգը լավ է, սակայն պահանջում ենք, որ կամ չլիցենզավորված վարորդները զրկվեն տաքսի վարելու հնարավորությունից, կամ լիցենզավորվեն անպայման»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին տաքսու վարորդները՝ նշելով, որ հենց այս հարցի համար էլ ցանկանում են հանդիպել փոխնախարարի հետ:

Արթուր Առաքելյանի հետ հանդիպման էին եկել նաեւ այն վարորդները, որոնք դժգոհ են լիցենզավորման կարգից:

«Վաղը մենք բողոքի ակցիա ենք անելու Կառավարության շենքի առջեւ, եւ այսօր նախաձեռնած հանդիպումը եւ լիցենզավորման կարգից գոհ լինելը նշանակում է, որ այդ վարորդները պրովոկացիա են անում»,- ասացին մյուս խմբի վարորդները, որոնք բողոքում են նաեւ մայրաքաղաքի ավտոկայանատեղերից:

Նշենք, որ Արթուր Առաքելյանը հանդիպմանը չեկավ: Տաքսու վարորդները պարտադրված հեռացան: