Գերմանիայի Դաշնային հակամենաշնորհային գերատեսչությունը Բոննում հետաքննություն է սկսել Facebook նաեւ Facebook Germany դուստր ընկերության դեմ: Ինչպես ասվում է ՏԱՍՍ-ի ստացած մամուլի հաղորդագրության մեջ՝ աշխարհի խոշորագույն սոցցանցը կարող է իր օգտատերերից մեծաքանակ անձնական տվյալներ ստանալ իսկ հետո օգտագործել դրանք գովազդի համար:
«Գերատեսչությունը կասկածներ ունի, որ Facebook –ը, օգտատերերի անձնական տվյալների մասին պայմանագրի պայմանների շնորհիվ, չարաշահել է իր հնարավոր գերիշխող դիրքը սոցցանցերի շուկայում»,- հայտնել են գերատեսչությունից: Բոննում նշել են, որ Facebook–ի նման ընկերությունների համար, որոնք եկամուտ են ստանում գովազդից, ծայրաստիճան կարեւոր է, թե ինչպես է շարադրված օգտատիրական համաձայնագիրը: Սոցցանցը «մեծ ծավալով» ու «ամենատարբեր աղբյուրներից» ստանում է իր օգտատերերի անձնական տվյալները, ինչը գովազդատուներին թույլ է տալիս տեղադրել իրենց գովազդը՝ նախապես դրա բովանդակությունը հարմարեցնելով տվյալ մարդուն:
Սոցցանցից օգտվելու իրավունք ստանալու համար օգտատերերը համաձայնում են այդ պայմանագրի պայմաններին, որտեղ ամրագրված է ամբողջ ընթացակարգը, սակայն նրանք «դժվար թե պատկերացնեն», թե ինչ հետեւանքներ դա կարող է ունենալ, վստահեցնում է գերտեսչությունը: «Նման գործողությունների թույլատրելիության մասին լուրջ կասկածներ կան, մանավանդ հաշվի առնելով տվյալների պաշտպանության վերաբերյալ գործող ազգային օրեննսդրությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:





























