Հայ գործարարները պահանջում են, որ նշանավոր հայ գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը՝ մարտի 3-ը Հայաստանում պաշտոնապես ճանաչվի որպես Գործարարության օր։ Նրանք իրենց պահանջով արդեն դիմում են ուղարկել Կառավարությանը (ֆոտոռեպորտաժ):
«Ազգը պետք է ունենա սիմվոլ: Հայ գործարարության սիմվոլը Մանթաշյանցն է իր կերպարով, իր տնտեսական ձեռքբերումներով, իր բարոյականն քարոզչությամբ, իր մեծ բարերար լինելով: Եթե համեմատենք թվաբանությունը, ապա 20-րդ դարի սկզբի նրա ցուցանիշներին այսօր աշխարհի շատ միլիարդատերեր չեն կարող հասնել: Նա մարդ էր, որ իր տեսակով ապացուցում է՝ ինչքան էլ հարստանաս, պետք է առաջին հերթին մտածես քո գենի մասին»,- այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, որը երկու տասնյակ գործարարների հետ ծաղիկներ դրեց Երեւանում Մանթաշյանցի արձանի մոտ:
Արսեն Ղազարյանը նշեց, որ հայ մյուս գործարարները պետք է փորձեն մոտենալ Մանթաշյանցի կերպարին: Նրա խոսքով՝ հայ գործարության մեջ կա Մանթաշյանցի տեսակը կրկնող խավ, որի հետ էլ ինքը կապում է Հայաստանի տնտեսական բարգավաճման ապագան:
Նշենք, որ նախքան ծաղիկներ դնելը գործարարները նորակառույց Սուրբ Աննա եկեղեցում մասնակցեցին Ալեքսանդր Մանթաշյանցի հիշատակին մատուցված պատարագին։
Հայ բարեգործ ու գործարար Ալեքսանդր Մանթաշյանցը (1842թ. մարտի 3 - 1911թ. ապրիլի 19) հայ նշանավոր գործարար ու բարեգործ է: Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը: Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել: 1899թ. Մանթաշյանն ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին: Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը:




























