Տեւական անձրեւից ու կարկուտից հետո, Սլովենիայի մի շարք բնակավայրեր հայտնվել են ջրի տակ:
Ջրի տակ են անցել ոչ միայն նկուղները, այլեւ շենքերի առաջին հարկերը: Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության, չեն աշխատում գործարանները, փակ են խանութներն ու դպրոցները: Ինչպես հաղորդում է «Վեստին», Սլովենիայի մայրաքաղաքում դադարեցրել են աշխատանքն ավտոբուսները, հեղեղված փողոցներով երթեւեկելը դարձել է գրեթե անհնարին:
Սլովենիայի ճակատագիրը կարող է կիսել նրա հարեւան Խորվաթիան, որտեղ ջրի տակ անցնելու վտանգ է սպառնում մայրաքաղաք Զագրեբին: Օդերեւութաբանների կանխատեսումներով, կիրակի տեղումները կուժեղանան: Երկրի որոշ շրջաններում գետերում ջրի մակարդակը գերազանցել է ծայրահեղ նշագիծը:
Ինչպես հաղորդում է «Ռոսիա 24»-ը, փրկարար ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով, հրատապ ամրացնում են պատնեշներն ու ափամերձ տարածքները: Երկրի արեւմտյան հատվածներում պահպանվում է սողանքների վտանգը:





























