Համացանցում տեսանյութ է հայտնվել, որը ենթադրաբար ներկայացնում է Մոսկվայում երեխայի սպանության մեջ կասկածվող դայակի հետ խոսակցությունը։ Կինը, որը ներկայանում է որպես Գյուլչեխրա Բոբոկուլովա, իր արարքը բացատրում է Սիրիայում ռմբակոծությունների համար վրեժ լուծելու ցանկությամբ։

Տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից, դրան ուշադրություն են դարձրել բլոգերներն ու լրատվամիջոցները, այդ թվում՝ Reuters-ը։ Սակայն անհայտ է, թե ով է տեղադրել տեսագրությունը։

Տեսանյութի սկզբում կադրի հետեւից լսվում է տղամարդու ձայն, որն առաջարկում է մատնահետք վերցնել եւ լուսանկարել կնոջը։ Հետո զրուցակիցը կնոջը հարցնում է, թե ինչու է նա սպանել երեխային։

«Վրեժ եմ լուծել, ով արյուն է թափում»,- ասել է կինը։ Հարցին, թե կոնկրետ ով է արյուն թափում, նա պատասխանել է. «Պուտինը օդանավերով ռմբակոծում է։ Ինչու՞ եք դուք մեզ՝ մուսուլմաններիս, ռմբակոծում, ոչ ոք ոչինչ չասում։ Նրանք նույնպես ուզում են ապրել... Նայեք, նայեք փոքր երեխա է»։

Խոսակցության ընթացքում նա խոստովանում է, որ ցանկանում է ապրել Սիրիայում, սակայն գումար չունի դրա համար։

Զրուցակիցը հարցնում է, թե չէր պլանավորում արդյոք կինը անդամակցել ԻՊ-ին։ «Չգիտեմ, ես այնտեղ ուզում էի ապրել»,- ասել է կինը՝ պարզաբանելով, որ ուզում էր ապրել մուսուլմանական աշխարհում, որտեղ դեմքը փակած է։

Կինը նաեւ պատմել է, որ 4-ամյա աղջիկը տառապում էր էպիլեպսիայից եւ հաշմանդամ էր։ Նա պատմել է, որ վերջերս է որոշել սպանել երեխային։ «Մի ամիս առաջ։ Տեսա՝ ռմբակոծում են»,- ասել է կինը։

ՌԲԿ-ի աղբյուրները նշել են, որ տեսագրության իսկության մեջ կասկածներ չկան։

Հիշեցնենք, որ երեխայի դաժան սպանությունը տեղի էր ունեցել փետրվարի 29-ին։ Կասկածյալն ընտանիքում աշխատում էր որպես դայակ։ Սպասելով, որ ծնողները ավագ տղայի հետ դուրս գան տանից, կինը սպանել էր քնած երեխային, հետո հրդեհել տունը։ Այնուհետեւ երեխայի արնաշաղախ գլուխը ձեռքին՝ շարժվել էր դեպի մետրոյի «Օկտյաբրսկոյե Պոլե» կայարան եւ սպառնացել պայթեցնել իրեն։

Ըստ առկա տեղեկությունների՝ Բոբոկուլովան հայրենիքում հոգեբուժական հաշվառման է վերցված։Դեռ 1999թ. նրա մոտ շիզոֆրենիա էր ախտորոշվել, գրում է ՌԲԿ-ն։