Գերմանիայի Քյոլն քաղաքում 18-ամյա հայ երիտասարդը, որին իշխանությունները վտարել էին երկրից, օդանավակայանում ներքեւ է ցատկել  տերմինալի ճաղաշարքից։ Էդգար Դ.-ն ցատկել է 8 ֆուտ (մոտ 2.5 մետր) բարձրությունից եւ կոտրել ձախ ոտքի թաթը։ Հիմա նա հիվանդանոցում է, հայտնում է Bild-ը։ 

Պարբերականի տեղեկություններով՝ ընտանիքն արդեն 3 տարի ապրում էր Գերմանիայում։ Հայրը աշխատանք ուներ, Էդգարը հաճախում էր 10-րդ դասարան։ Անցյալ հինգշաբթի Միգրացիոն ծառայությունը որոշել էր հարկադիր վտարման ենթարկել Էդգարին եւ նրա 20-ամյա քրոջը՝ Էլինային։

«Իրավաբանական տեսանկյունից գործը պարզ է։ Չկա ոչ մի հիմք հետագա կացության իրավունք տրամադրելու համար։ Նա եւ քույրը պարտավոր են լքել երկիրը»,- ասել է Նորդռայն Վեսթվալեն դաշնային հողի Հոխզաուերլանդի շրջանի ներկայացուցիչ  Մարտին Ռոյթերը։

Համադասարանցիների բողոքներն ու իրավաբանական քաշքշուկը ոչ մի արդյունք չեն տվել։

«Ինձ համար ներքեւ ցատկելը վտարումից խուսափելու վերջին շանսն էր»,- ասել է Էդգարը՝ նշելով, որ իր կոտրվածքից ավելի շատ իրեն անհանգստացնում է քրոջ վիճակը։ Նրան վայրէջքից հետո նյարդային նոպայի բռնկումով հոսպիտալացրել են։

Էդգարը որոշ ժամանակ դեռ կմնա Գերմանիայում, քանի որ անհրաժեշտ  բուժօգնության կարիք ունի։

Լուսանկարը՝ Bild