ԱՄՆ Ջորջիա նահանգի օրենսդիր մարմինը (Ներկայացուցիչների պալատ) մարտի 2-ին Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձեւ է ընդունել, հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է ներկայացուցիչներ Փեթ Գարդների ու Դեմետրիուս Դուգլասի ներկայացրած բանաձեւը (HR1580), որը կոչ է անում «միջազգային հանրությանն ըստ արժանվույն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան ժողովրդավարություն»:

Փաստաթուղթը գովաբանում է Արցախի՝ ինքնորոշման համար մղված շարունակական պայքարը՝ որպես «բազմաթիվ ազգերի ոգեշնչման ողբյուր», որը դարձել է «նախկին Խորհրդային Միության փլուզման կատալիզատորներից մեկը»: Փաստաթղթում միաժամանակ շեշտվում է, որ Արցախի ժողովուրդը ցուցաբերել է «տոկունություն եւ անսասանություն պատերազմի, կոտորածների, տնտեսական փլուզման եւ այլ ծանր դժվարություններին առերեսվելիս»:

Բանաձեւը նաեւ հղում է կատարում միջազգային դիտորդների՝ 2015թ. մայիսի 3-ի Արցախում կայացած ընտրությունները «ազատ եւ թափանցիկ» որակող գնահատականին:

Այսպիսով, ԱՄՆ Ջորջիա նահանգը համալրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) անկախությունը ճանաչող եւ աջակցող Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Լուիզիանա, Մեյն եւ Կալիֆորնիա նահանգների շարքը:

Ջորջիայի Ներկայացուցիչների պալատը ընդունել է H.R. 1580 բանաձեւը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին»։ ANCA-ի փոխանցմամբ, Բանաձեւի ընդունմանը հատուկ աջակցություն են հայտնել պալատի անդամներ, դեմոկրատներ Փաթ Գարդներն ու Դեմեթրիուս Դուգլասը։

Ջորջիան, այսպիսով, դարձել է ԱՄՆ 6-րդ նահանգը, որը նման բանաձեւ է ընդունել։