Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի որդին` Բիլալը, որի նկատմամբ Իտալիայում քրեական գործ են հարուցել, ամենայն հավանականությամբ ընտանիքի հետ հեռացել է այդ եվրոպական երկրից եւ վերադարձել է Թուրքիա, հաղորդում է   NEWSru-ն` վկայակոչելով Resto del Carlino թերթին:

Պարբերականը մեջբերում է Էրդողան կրտսերի` իր ծանոթներին ուղարկած   SMS-ի բովանդակությունը. «Թանկագին ընկերներ, մենք որոշել ենք Ստամբուլ վերադառնալ»: Իր որոշումը նա այսպես է բացատրում.  «Մեր անվտանգության հարցը շատ նուրբ է դարձել ինչպես իտալական, այնպես էլ թուրքական կառավարության համար»:

Պարբերականը հիշեցնում է, որ Բիլալ Էրդողանը Իտալիա է եկել մոտ մեկ տարի առաջ, պաշտոնական վարկածի համաձայն, Բոլոնիայի Ջոնս Հոփկինսի համալսարանում դոկտորական աստիճան ստանալու: 

Թուրքիայի նախագահի որդին եւ նրա ընտանիքն ապրել են անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում. նա անձնական պահակախումբ է ունեցել` թուրքական, զինված, բայց Էրդողանը հասել է նրան, որ իտալական կառավարությունը եւս նրան թիկնապահներ տրամադրի: Նրա ժամանումը քաղաք անմիջապես տագնապ է հարուցել հատկապես այն ծնողների մոտ, որոնց երեխաները Բիլալի երեխաների հետ հաճախում էին մասնավոր ուսումնական հաստատություն, հաղորդում է   InoPressa-ն:

2016-ի փետրվարին հայտնի էր դարձել, որ Իտալիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Բիլալի նկատմամբ: Դրա առիթը եղել է Ֆրանսիայում թաքնվող թուրք գործարար եւ քաղաքական ընդդիմադիր Հաքան Հուզանի դատական հայցը: Նրա պնդմամբ, Էրդողան կրտսերը Իտալիա է բերել մեծ գումար, որը ստացել է անօրինական գործունեության արդյունքում, ենթադրաբար` արգելված ընկերությունների հետ նավթի առեւտրի: 

Բիլալ Էրդողանի փաստաբան Ջովաննի Տրոմբինին հայտնել է, որ իր հաճախորդի ֆինանսական գործունեությունը բացարձակապես թափանցիկ է: Նա նշել է, որ մեղադրանքը հիմնված է  «քաղաքական դրդապատճառներ ունեցող» տեղեկատվության վրա Twitter-ից:

Մինչդեռ Հուզանի շահերը ներկայացնող փաստաբան Մասսիմիլյանո Աննետան հայտնել է, թե դատախազությանը ծանրակշիռ հիմքեր էին անհրաժեշտ գործ բացելու համար: «Իրականում մենք դեռեւս սեպտեմբերին էինք դատախազությանը փոխանցել այդ փաստաթղթերը: Սակայն գործին ընթացք չէր տրվել: Գուցե այն պատճառով նաեւ, որ իմ հաճախորդը բավարար ապացույցներ չուներ, ամեն ինչ հիմնված էր ենթադրությունների վրա: Այժմ, երեւում է, դատախազությունը հիմքեր ունի գործ բացելու համար», - ՏԱՍՍ-ին ասել է փաստաբանը: