Մարտի 4-ին` վաղ առավոտյան, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցով եղել է ԶՈՒ զորամասերից մեկում, հետեւել ծառայության կազմակերպման ընթացքին:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նպատակ ունենալով ստուգելու զինանձնակազմի առօրյա ծառայության որոշ դրվագներ, ինչպես նաեւ ծանոթանալու զինծառայողների ֆիզիկական, մարտական եւ բարոյահոգեբանական պատրաստվածությանը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցի շրջանակում հետեւել է անձնակազմի վերկացին, առավոտյան մարմնամարզության իրականացման, սպորտմասսայական միջոցառումների մեթոդապես ճիշտ եւ արդյունավետ անցկացման կարգին ու ժամանակացույցին:

Պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում էին նաեւ զորամասի վերակարգի՝ հերթապահների եւ օրապահների պարտականությունների իմացությունը, դասացուցակների եւ ընդհանուր առմամբ՝ ծառայության կազմակերպմանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:

Անականկալ այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը նախաճաշել է զորամասի զինծառայողների հետ, սննդի հետ կապված իր գոհունակությունն է արտահայտել ճաշարանի ստուգման մատյանում:

Հանկարծակի ստուգման արդյունքում արձանագրված որոշ թերությունները վերացնելու համար Սեյրան Օհանյանը առաջադրել է  մի շարք խնդիրներ  եւ համապատասխան հանձնարարականներ տվել զորամասի հրամանատարությանը: