Իրանը եւ Թուրքիան ձգտում են երկկողմ առեւտրաշրջանառությունը մեծացնել մինչեւ տարեկան 30 մլրդ դոլար: Այդ մասին ուրբաթ հայտնել է ԻՐԻՆՆ հեռուստաալիքը:
«Իրանը եւ Թուրքիան մտադիր են երկկողմ առեւտրաշրջանառությունը մեծացնել մինչեւ 30 մլրդ դոլար, - ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Թեհրանի եւ Անկարայի միջեւ փոխադարձ առեւտրի խթանման միջոցները կքննարկվեն Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուի այցի ընթացքում, որի ժամանումը իրանական մայրաքաղաք ակնկալվում է ուրբաթ օրը»:
Իրանական պաշտոնական վիճակագրության տվյալներով, որը մեջբերել է հեռուստաալիքը, 2015-ին երկու երկրի միջեւ առեւտրաշրջանառությունը մոտ 10 մլրդ դոլար է կազմել: 2012-ին այն հասել է 22 մլրդ դոլարի եւ դրանից հետո անշեղորեն նվազել է:
Iran News թերթի տվյալներով, Իրանական Հանրապետությունում թուրքական ներդրումները հասել են 1,2 մլրդ դոլարի: Թուրքիայում 3 հազար իրանական ընկերություն է աշխատում: Իրանում թուրքական 160 խանութ է գործում:
Երկու երկրի միջեւ գործում է Առեւտրական նախընտրությունների վերաբերյալ համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2015-ի հունվարի 1-ին: Դրան համապատասխան, իջեցվել են մաքսերը Իրանից ներկրվող 125 տեսակ ապրանքի նկատմամբ եւ Թուրքիայից ԻԻՀ ներկրվող 140 տեսակ ապրանքի նկատմամբ: Իրանցի շատ արտադրողներ դժգոհ են համաձայնագրից, որովհետեւ դա հեշտացնում է Թուրքիայից պատրաստի արդյունաբերական արտադրանքի ներմուծումը` դրանով վնաս հասցնելով տեղի արտադրողներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիան իրանական գազի խոշորագույն գնորդ է: Երկարաժամկետ պայմանագրին համապատասխան, որը գործում է մինչեւ 2026 թվականը, Իրանը Թուրքիային օրական 30 մլն խմ գազ է մատակարարում կամ տարեկան 9-10 մլրդ խմ: Այդ ծավալներն ապահովում են Թուրքիայում օգտագծվող գազի մոտ 30 տոկոսը: Անկարան բազմիցս հայտնել է, որ կցանկանար մեծացնել ԻԻՀ-ից մատակարարումները: Սակայն, իրանցի փորձագետների եւ գազային ու խողովակաշարային ընկերությունների կարծիքով, Իրանը ներկայումս տեխնիկական ներուժ չունի մատակարարումների էական ավելացման համար: Իսկ նոր գազատրանսպորտային ենթակառուցվածքի` նոր գազամուղի եւ գազապոմպային կայանների կառուցման համար կարող է մինչեւ 10 տարի պետք լինել:





























