Երեւանում NEWS.am-ի անցկացրած հարցումները պարզել են, որ երիտասարդներն այսօր նախընտրում են ունենալ մեկ, առավելագույնը երկու երեխա:
«Մեկ տղա ունենք, երեւի մեկ երեխա էլ կունենանք, ու վերջ»,- նշեց հարցմանը մասնակցող երիտասարդ մայրիկներից մեկը:
Երիտասարդները գերադասում են քիչ թվով երեխաներ ունենալ մի քանի պատճառով: Դրանցից գլխավորը սոցիալական պայմաններն են:
«Պետք է գումար ունենաս ոչ միայն երեխա ունենալու, այլեւ պարի, երգի կամ այլ խմբակի տալու: Անգամ երեխայի համար հագուստ, կոշիկ առնելը այսօր շատ թանկ է»,- նշեց նրանցից մեկը:
Եթե ամուսնացածները նախընտրում են քիչ թվով երեխա ունենալ, ապա չամուսնացած երիտասարդները հետաձգում են ամուսնությունն ու երեխա ունենալը` մինչեւ նորմալ վարձատրվող աշխատանք գտնելը:
«Գործ չունեմ, հազիվ ինձ եմ կարողանում պահել, ո՞նց ամուսնանամ ընտանիք պահեմ»,- ասաց անհատ տաքսու վարորդներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Մեկ այլ հարցվող էլ նշեց, որ այսօր ոչ միայն սոցիալական պայմաններն են դժվարացել, այլեւ մարդկանց հավատն է մարել վաղվա օրվա հանդեպ:
«Մարդիկ այսօր շատ ավելի թերհավատ են դարձել ապագայի հանդեպ, չնայած այդ խնդիրը միայն մեր երկրում չէ, ամեն տեղ էլ այդպես է հիմա»,- ասաց հարցվողներից մեկը:
Որոշ ծնողներ էլ նշեցին, որ եթե նախկինում երեխաները բավարարվում էին քչով, ապա այժմ նրանց ցանկությունները շատ ավելի ճոխ են, դրանք բավարարելը` շատ ավելի ծախսատար:
«Մեզ համար ինչ էլ գնեին, ուրախանում էինք, հիմա երեխաները շատ ավելին են տեսնում եւ ուզում, դրա համար էլ մարդիկ քիչ են երեխա ունենում»,- ասաց հարցվողներից մեկը:











