Աստերոիդների դեմ պայքարի զենքը կփորձարկեն 2022-ին: Գլխավոր առաջադրանքը, որն իրենց առջեւ դնում են մասնագետները, երկրագնդին սպառնացող տիեզերական օբյեկտի ուղեծրի փոփոխությունն է:  AIDA համատեղ նախագծի շրջանակում, որին մասնակցում են ՆԱՍԱ-ն եւ  Եվրոպական տիեզերական գործակալությունը, հարված կհասցվի աստերոիդներին: 

«2019-ին սարքը կուղարկվի Դիդիմ աստերոիդի ուղղությամբ, որին կհասնի երեք տարուց: Դրանք կհանդիպեն, երբ երկնային մարմինը երկրին մոտենա հնարավոր ամենամոտ հեռավորության`  11 մլն կիլոմետրի  վրա: Ինչո՞ւ է փորձարկման համար հենց Դիդիմն ընտրվել: Հարցն այն է, որ դա երկակի աստերոիդ է. մոտ   800 մետր տրամագծով մեծ աստերոիդի շուրջ 1.1 կմ հեռավորության վրա պտտվում է  150 մ տրամագծով «արբանյակը»: Հենց այդ  «փոքրիկին» էլ պիտի խոցի հատուկ զոնդը», -  «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում հայտնել է ՌԳԱ-ի թղթակից անդամ Բորիս Շուստովը: Ավտոմատ թիրախավորման համակարգով օժտված հարվածիչը, որը   300 կգ կկշռի, վայրկյանում մոտ 6,5 կմ արագությամբ կխոցի Դիդիմի արբանյակին: Եվս մի տիեզերական սարք կհետեւի այդ գործընթացին: