Ռուսաստանյան «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության փորձագետները հայտնել են, որ հայտնաբերել են Android–ի համար ամենավտանգավոր վիրուսը՝ Triada անունով, որն իր բարդությամբ զգալիորեն գերազանցում է բոլոր մյուս վնասակար ծրագրերին:
Triada-ի տարբերակիչ առանձնահատկությունն է սարքում գործող հավելվածների մեջ սեփական կոդը ներդնելու ու դրանց աշխատանքի տրամաբանությունը փոխելու ունակությունը: Բացի դրանից վիրուսը թաքցնում է իր ներկայության հետքերը վարակված համակարգում:
Triada-ի «օգնականն» է Zygote մաստեր- պրոցեսը՝ ըստ էության Android-ի կատարման միջավայրի «սիրտը», որը պատասխանատու է համակարգի մեկնարկի համար: Ներդրվելով Zygote–ի մեջ՝ վնասատու հավելվածը դառնում է դրա մի մասը: Մասնագետները նշում են, որ սա առաջին դեպքն է, երբ վնասակար ծրագիրը դառնում է Zygote–ի մասը:
Triada-ն մոդուլային կառուցվածք ունի՝ բջջային սարքի մեջ հայտնվող հիմնական ծրագիրը չարագործների ցանկությամբ ներբեռնում ու տեղադրում է մոդուլներ, որոնք ունեն իրենց անհրաժեշտ գործառույթներ, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Այս պահին վիրուսը օգտագործվում է գումար գողանալու համար, ընդ որում ոչ միայն օգտատերերից, այլեւ հավելվածների մշակողներից:
Ախտահարվածության ամենամեծ քանակությունը գրանցված է Ռուսաստանում, Հնդկաստանում, Ուկրաինայում, Ալժիրում, Թուրքիայում ու Չինաստանում:





























