«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանին այսօր՝ մարտի 5-ին, քննչական բաժին են կանչել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին ծեծի ենթարկելու հարցով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանը:
Փաստաբանի խոսքով՝ Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ դեպքի առիթով որեւէ տեղեկություն չունի եւ ոչինչ չի կարող հայտնել:
«Սուրեն Սուրենյանցը հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 2-ի սահմաններում, իրեն ծանոթ անձնավորությունը գլխավոր դատախազության մոտակայքում խնդրել է նստել իր ավտոմեքենան, նա համաձայնել է: Մեքենայի մեջ իրեն հարվածներ են հասցրել՝ ասելով՝ ինչու ես Ժիրոյի դեմ բաներ գրում: Դրանից հետո իբր իրեն տարել են Հրազդանի կիրճ, ծեծել են, հետո հետ են բերել»,- նշեց Արա Զաքարյանը:
Նա խիստ կասկածի տակ դրեց Սուրեն Սուրենյանցի հաղորդման ճշմարիտ լինելը, քանի որ վերջինը ոչ մի հստակ տեղեկություն կամ մանրամասն դեպքի հետ կապված չի հայտնել:
«Խիստ կասկածելի տեղեկություններ է հայտնում նա՝ ո՛չ ծեծողներին է հիշում, ո՛չ մեքենայի համարանիշերը: Եթե նրան դատախազության մոտից տանում ծեծում, բերում են, ինչո՞ւ միանգամից աղմուկ չէր բարձրացնում այդ մասին»,- ասաց Արա Զաքարյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանին, ամենայն հավանականությամբ, մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով են կանչել քննչական բաժին՝ վկայություն տալու: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, նախքան Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին գնալը՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանը:





























