Սանկտ-Պետերբուրգում էկզոտիկ ինքնասպանություն է կատարվել։
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում տղամարդու գլխատված մարմին է հայտնաբերվել։ Նախնական տվյալներով, նման յուրօրինակ ճանապարհով տղամարդն ինքնակամ լքել է կյանքը, հայտնում է «Ֆոնտանկա.ռու»-ն։
Լրատվամիջոցի տվյալներով, սեպտեմբերի 18-ի գիշերը ոստիկանները կասկածելի «Գազել» են խուզարկել։ Դրա մեջ նրանք հայտնաբերել են մեքենայի 28-ամյա սեփականատիրոջ գլխատված մարմինը։ Գլուխը հայտնաբերել են մեքենայից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա՝ կապված մետաղական ինչ-որ հարմարանքի։
Իրավապահ մարմինները կարծում են, որ 28-ամյա տղամարդու մահը քրեական բնույթ չի կրել։ Ոստիկանությունում ենթադրում են, որ նա ինքնասպան է եղել, սակայն դրա համար շատ «էկզոտիկ» միջոց է ընտրել։
Ամենայն հավանականությամբ, տղամարդն իր վզին հանգույց է ամրացրել, իսկ դրա մյուս ծայրը կապել է կամրջի հենակին։ Նա նստել է իր մեքենայի ղեկին՝ պարանը գցելով բաց պատուհանից դուրս։ Դրանից հետո սեղմել է գազի ոտնակը։
Նրան նմանօրինակ գործողությունների դրդելու պատճառները դեռեւս հայտնի չեն։



























