Հայաստանում երբեմն Պահքը դիտվում է որպես դիետա, սակայն Պահքն ուխտագնացություն է` այն նիհարելու միջոց չէ, այլ հոգեւոր մշակույթ: Այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար, տեր Կարապետ քահանա Կարապետյանը: 

Նրա խոսքով, «պահք» բառն առաջացել է «պահել» բառից, երբ ինքդ քեզ հեռու պահելով վատից` մոտենում ես առ Աստված, իսկ Սուրբ Գրքում գրված է` եթե մեկ քայլ ես անում առ Աստված, Աստված երկու քայլ է անում դեպի քեզ:

Տեր Կարապետ քահանա Կարապետյանը նշել է, որ Պահքի ընթացքում մարդիկ իրենց քայլերը պետք է ուղղեն դեպի եկեղեցի, աղոթեն, զբաղվեն բարի գործերով, լինեն ժուժկալ, ազատվեն այն սովորություններից , որոնք գերի են դարձրել մարդկանց՝ խմիչք, ծխախոտ, վատ վերաբերմունք այլոց նկատմամբ: 

Նրա խոսքով, տարեցտարի նկատվում է Պահք պահողների աճ` թե՛ որակական, թե՛ քանակական առումով: