Տարածաշրջանում էթնիկ կոնֆլիկտները  հանգցնելու մասին Թուրքիայի ու Իրանի ընդհանուր նպատակի վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես մտադրությունների դատարկ հռչակագիր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՌԳԱ համաշխարհային տնտեսությունների ու միջազգային հարաբերությունների գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւվսկին:

Նրա խոսքով, եթե Իրանն իրոք շահագրգռված է, որ այդ կոնֆլիկտները մարեն, եթե իրոք նման նպատակ ունի ու միշտ էլ ունեցել է, ապա Թուրքիան զբաղված է հենց կրոնական ու էթնիկ կոնֆլիկտներ հրահրելով:«Էթնիկ կոնֆլիկտներում Թուրքիային մտահոգող ու սաստիկ զայրացնող գլխավոր հանգամանքն այն է, որ սիրիական քրդերը ձգտում են ինքնավարություն ստանալ: Այսինքն՝ սիրիացիները դրա դեմ չեն առարկում, բացի դրանից նույնիսկ այդպիսի հայտարություններ կան, որ գործող սիրիական կառավարությունն ըստ էության պատրաստ է նման ինքնավարություն տրամադրել նոր Սահմանադրությունում, որը իհարկե վերանայման ենթակա է»,- նկատել է Վիկտոր Նադսեին Ռաեւվսկին:

Պարզ է, շարունակել է նա, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտելու է վախեցնել Իրանին հենց Սիրիայում քրդական ինքնավարությունով, որպեսզի Իրանը հրաժարվի  «Իսլամական պետության» ու սալաֆիտյան խմբավորումների դեմ մարտնչողներին աջակցելուց  ու երկրորդն էլ՝ վախեցնի Իրանի նրանով, որ Սիրիայում ցանկացած քրդական ինքնավարություն սպառնալու է Իրանի անվտանգությանն ու միասնականությանը:

«Էրդողանը ձգտում է ոչ թե հանգցնել էթնիկ կոնֆլիկտները, այլ հակառակը՝ Իրանին իր դաշնակիցը դարձնել Քրդական բանվորական կուսակցության դեմ պայքարում Թուրքիայի տարածքում ու ժողովրդական պաշտպանության ջոկատների դեմ՝ Սիրիայի տարածքում, նաեւ Սիրիայի Դեմոկրատական միության դեմ, որը իրոք պայքարում է քրդերի իրավունքների համար ու պաշտպանում է իր ինքնավարությունը ԻՊ-ից: Այն առայժմ իրական ուժ է Սիրիայի հյուսիսում, որը հաջողությամբ դիմակայում է ԻՊ-ին: Բայց թուրքերի համար նրանք նույնն են, ինչ կարմիր շորը ցուլի համար, քանի որ թուրքերը երբեք հակված չեն եղել իրենց երկրի ներսում հավասար իրավունքներ տրամադրել մյուս ազգություններին»,- ամփոփել է Վիկտոր Նադեին Ռաեւվսկին:

Հիշեցնենք, որ Իրանի առաջին փոխվարչապետ Էսհակ Ջահանգիրիի հետ հանդիպումին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել էր, որ Թուրքիայի ու Իրանի ընդհանուր նպատակն է տարածաշրջանում էթնիկ կոնֆլիկտների մարումը: