SpaceX Falcon 9 տիեզերանավը հաջողությամբ արբանյակ է արձակել տիեզերք, բայց հրթիռը լողացող հարթակի վրա իջեցնելու փորձը կրկին անհաջողությամբ է ավարտվել: Ընկերության ղեկավար Իլոն Մասկը Twitter-ում գրել է, որ «հրթիռը ծանրորեն վայրէջք է կատարել անօդաչու նավի վրա»:
Քանավերալ հրվանդանից անթերի մեկնարկից մի քանի րոպե անց Falcon 9 հրթիռը կոմերցիոն հաղորդակցությունների համար նախատեսված SES-9 արբանյակն ուղեծիր է հասցրել: Սակայն Ֆլորիդայի ափերից մի քանի կիլոմետր հեռավորությամբ լողացող հարթակի վրա վայրէջքի ժամանակ հրթիռը պայթել է:
Իլոն Մասկի տեղեկացմամբ, անձնակազմը կարողացել է ավելի շատ անհրաժեշտ տվյալներ հավաքել հաջորդ փորձարկումների համար, որոնք կարող են տեղի ունենալ այս ամսվա վերջին:
Ըստ AmericaRU.com-ի, չնայած SpaceX ընկերությունը 14 ամսվա ընթացքում միայն մեկ անգամ է կարողացել հաջողությամբ վայր էջեցնել հրթիռը (ցամաքի, ոչ ջրի վրա), մասնագետները շարունակում են ֆուտբոլի դաշտի մեծությամբ հարթակի վրա հրթիռն անվտանգ իջեցնելու փորձերը: Դա թույլ կտա իրականացնել գլխավոր առաքելությունը՝ հրթիռները բազմակի օգտագործման դարձնել, իսկ դեպի տիեզերք թռիչքները՝ ավելի էժան:




























