Երեւանում՝ Վազգեն Սարգսյան-20 հասցեում բացվել է բազմաֆունկցիոնալ Plazza Grande համալիրը, որը կառուցել է իտալական «Ռենկո» հոլդինգը:
Համալիրի շինարարությունը ձգվել 2,5 տարի եւ արժեցել 50 մլն դոլար: Հոլդինգի գլխավոր տնօրեն Ջովանի Ռուբինին համալիրի բացման ժամանակ ընդգծել է, որ ներդրումները լիովին արդարացրել են «Ռենկոյի» ակնկալիքները: Շինությունը կառուցվել է բացառապես ժամանակակից եւ որակյալ տեխնիկայի եւ սարքավորումների միջոցով: Իտալական ներդրողի հետ համաձայնվել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը՝ նկատելով, որ արդարացել են նաեւ հայկական կողմի ակնկալիքները:
Plazza Grande-ն բաղկացած է երեք մասերից, -1 եւ 0 հարկերը նախատեսված են առեւտրային գործունեության համար եւ առանձին մուտք ունեն: Առաջինից երրորդ հարկերը նախատեսված են գրասենյակային տարածքների, 4-ից 10-րդ հարկերը՝ բնակարանների համար:
«Ռենկոն» Հայաստանում ներկայացված է 2001 թվականից, հոլդինգը Երեւանում կառուցել է Իտալիայի դեսպանատունը, «Կոնգրես» հյուրանոցը, Ազատության հրապարակի ստորգետնյա կայանատեղին, վերանորոգել «Երեւան» հյուրանոցը:



























