Իրանի ռազմատիեզերական ուժերը բալիստիկ հրթիռներ են արձակել սեփական արտադրության հիթիռների փորձարկումների եզրափակիչ փուլում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Mehr գործակալությունը:
Փորձարկումներն անցկացնում են Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի կազմի Ռազմատիեզերական ուժերը՝ «Ուժի եւ անվտանգության ցուցադրում՝ միասնականության, համակարծության, համաձայնության ու միասնական լեզվի ներքո» կարգախոսով: Փորձարկումների նպատակն է «ցուցադրել ուժն ու իսլամական Իրանի բոլոր շերտերի պատրաստակամությունը ՝ դիմակայել հեղափոխության, կարգուկանոնի ու երկրի տարածքային ամբողջականության ցանկացած սպառնալիքին»:
Մինչ այդ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար Հասան Ֆիրուզաբադին հայտնել էր, որ Իրանը մտադիր է փետրվար- մարտ ամիսներին անցկացնել ուսումնական զորավարժություններ, որոնց ժամանակ կփորձարկի սեփական արտադրության հրթիռներ:
Դեկտեմբերի վերջին Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարգադրել էր պաշտպանության նախարարությանը ընդլայնել հրթիռային ծրագիրը՝ ի պատասխան ԱՄՆ կողմից պատժամիջոցների հավանական ընդլայնմանը: Նա հայտնել էր, որ Թեհրանը իրավունք ունի ստեղծել հրթիռներ, քանի որ դրանք նախատեսված չեն միջուկային մարտագլխիկների համար:
Հունվարի կեսերին ԱՄՆ–ն պատժամիջոցներ էր սկսել Իրանի ու Չինաստանի մի շարք անձանց ու ընկերություննեի դեմ, նաեւ Միացյալ արաբական էմիրությունների այն կազմակերպությունների դեմ, որոնք առնչություն ունեն իրանական բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրին:





























