Կինն ամենաշատը փող է ցանկանում նվեր ստանալ Մարտի 8-ին: Այսօր` մարտի 8-ին, NEWS.am-ի անցկացրած հարցման ժամանակ այսպիսի պատասխան տվեց Երեւանի բնակիչներից մեկը:
«Կինն ամենաշատը փող է ցանկանում ստանալ նվեր. որ փող ունենա, աշխարհ շուռ կտա»,- ասաց հարցվող տղամարդկանցից մեկը:
Թե որքան գումար է պետք կնոջը նվիրել, որպեսզի վերջինը գոհ մնա, հարցվող տղամարդը դժվարացավ հաշվել ցանկալի թվի զրոների քանակը:
«Էդ թիվը չեմ կարող ասել, էդքան զրոները ո՞նց հաշվեմ»,- նշեց նա:
NEWS.am-ի անցկացրած հարցախույզը պարզեց, որ հայ կանայք որպես նվեր ամենաշատը ցանկանում են սեր ու ուշադրություն ստանալ. այսպիսի պատասխան տվեցին հարցմանը մասնակցող կանանց ու տղամարդկանց մեծ մասը:
«Ամենակարեւորը սերն է, ես, օրինակ, չեմ սիրում նյութական նվերներ անել, ավելի շատ սեր եմ նվիրում»,- ասաց հարցմանը մասնակցող երիտասարդ տղաներից մեկը:
Հարցվող կանանցից մեկն էլ նշեց, որ իր համար ամենակարեւորն այն է, որ նվերը յուրահատուկ ու բացառիկ լինի:
«Կուզեի ինչ-որ օրիգինալ բան նվիրեն, ասենք` պարաշյուտից թռչելու հրավիրեն»,- ասաց նա:











