Իհարկե, ուրախալի է, որ հնագույն հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել, բայց միաժամանակ տխրեցնում է այն, որ դա տեղի է ունեցել թուրքական քարոզչության նպատակներով: Նման միտք է արտահայտել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով սեպտեմբերի 19-ին Թուրքիայում՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագի մասին:

Պատգամավորի կարծիքով, թուրքական կառավարության այդ քայլը միտված էր ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այլ միջազգային ասպարեզում ակտիվացմանը եւ խաղաղարարի իմիջի ստացմանը:

«Սուրբ Խաչի վրա խաչի բացակայությունն ապացուցում է, որ թուրք դիվանագետները բարձր դիվանագիտական մակարդակում,պետական օգուտի գիտակցմամբ, պարբերաբար փորձում են ինչ-ինչ աննշան դետալների հաշվին տրիումֆ արձանագրել Հայկական հարցի հետ կապված միջազգային գործընթացներում: Որքան շուտ մեր իշխանությունները գնահատեն իրավիճակը եւ համապատասխան եզրահանգումներ անեն, այնքան լավ»,- ասել է Մարտիրոսյանը:

Հարցին, թե որքանո՞վ Թուրքիային հաջողվեց իրականացնել իր ծրագրերը Սուրբ Խաչի կապակցությամբ, Մարտիրոսյանը, մասնավորապես, պատասխանել է. «Եթե կողմերը նստեն դիվանագիտական սեղանի շուրջ, թուրքերը կասեն, որ հայկական եկեղեցում պատարագ է եղել, իսկ հայկական կողմը ինչ-ինչ դրդապատճառներով չի մասնակցել: Այդուհանդերձ, Սուրբ Խաչում պատարագը դրական երեւույթ է գնահատվելու: Հնարավոր է՝ Թուրքիան չկարողացավ լիովին իրացնել իր մտադրությունը, բայց դա չի նշանակում, որ օգուտ չստացավ այդ գործընթացից: Թուրքիան նվազագույն օգուտ է ստացել, բայց կօգտագործի այդ հաղթաթուղթը միջազգային գործընթացներում»,- ասել է Մարտիրոսյանը եւ հավելել, որ Սուրբ Խաչի թեման դեռ չի փակվել, քանի որ այն հայ-թուրքական գործընթացի մասն է: