Անգելա Մերկելը փախստականների հարցում Թուրքիային թույլ է տալիս իրեն մատներ վրա խաղացնել։ Նման կարծիք է հայտնել The Telegraph թերթի սյունակագիր Էլիսոն Փիրսոնը։

«Գերմանիայի կանցլերը պետք է իրատես լինի, երբ խոսքը Թուրքիայի հետ գործարքին է վերաբերում, հատկապես հունիսի սկզբից այդ երկրին անվիզա ռեժիմ տրամադրելու հնարավորության հարցում»,- գրում է հեղինակը։

Հեղինակն այդ գործարքը համեմատում է թուրքական գորգ վաճառելու հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նրա խոսքով՝ Թուրքիայում բոլորը գիտեն, թե ինչպես է դա գործում, երբ ինչ-որ մեկը հայացքով կանգ է առնում գորգի վրա։ Սկզբում վաճառողը սկսում է գինը բարձրացնել։ Գնորդը  չի համաձայնում եւ հեռանում է։ Այդ ժամանակ նա հասնում է գնորդի հետեւից, ժպտում է եւ փորձում է համոզել, որ շատ լավ գին է առաջարկում։ Հետո նա նրան նստեցնում է թեյ խմելու եւ առաջարկում է «հիանալ գորգի կատարելությամբ»։

Դրանից հետո գնորդը, հավաքելով կամքի ուժը, փորձում է լքել խանութը՝ խոստանալով որ կմտածի։

Փիրսոնի խոսքով՝ այդ պատասխանը նույնն է, թե երբեք։ Քանի դեռ գնորդը խանութում է, վաճառողը չի հանձնվում, նա սկսում է այլ գորգեր բացել ու ցուցադրել կամ գործադրում է վերջին հնարքը՝ կատուները։

«Արդյունքում դուք՝ կանգնած 19 միանման գորգերի կողքին, մի ձեռքում՝ թեյը, մյուսում՝ կատուն, անօգնական չեք կարողանում «ոչ» ասել։ Իսկ դա այն է, ինչ թուրքն ուզում է ձեզնից»,- գրում է հեղինակը։

«Ինչ եք կարծում, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր հետ թեյ եւ կատուներ տարե՞լ էր Բրյուսել՝ Եվրամիության հետ միգրացիոն գործարքի շուրջ սակարկելու համար»,- հարցադրում է արել Փիրսոնը։

Ինչպես էլ որ եղած լինի, նա Անգելա Մերկելին համոզել է, որ լրացուցիչ 3 մլրդ եվրոյի կարիք ունի, իսկ Գերմանիայի կանցլերը պատրաստ է այդ գումարը տալ թուրքերին։

«Անգելա, հավաքի՛ր քեզ։ Գերմանիայի կանցլերը լուրջ մտածում է թուրքերին 6 մլրդ եվրո տրամադրելու մասին, դա կրկնակի շատ է, քան ի սկզբանե առաջարկվում էր»,- վրդովմունք է հայտնել Փիրսոնը։

Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է Հունաստանից ընդունել ցանկացած փախստականի, որին մերժել են ապաստան տրամադրել։ Այդուհանդերձ, Թուրքիա վերադարձած յուրաքանչյուր միգրանտի դիմաց ԵՄ-ին բաժին է ընկնում Թուրքիայի փախստականների ճամբարում ապրող մեկ սիրիացի փախստական։ Դրան գումարած՝ Անկարան պետք է անվիզա մուտքի իրավունք ունենա դեպի Եվրոպա եւ հավակնել ԵՄ անդամ դառնալուն։ Իսկ դա նշանակում է, որ միլիոնավոր թուրքեր կարող են տեղափոխվել Մեծ Բրիտանիա, նշում է հեղինակը։