Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները անբավարար են։ Այս մասին մարտի 9-ին՝ «Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները տարածաշրջանային գործընթացների ենթատեքստում» թեմայով քննարկման ժամանակ, ասել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ Գոհար Իսկանդարյանը։ Քննարկումը կազմակերպել էին Տնտեսական լրագրողների ակումբն ու «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը։

Իրանագետը հիշեցրել է, որ Հայաստանի  համար լայն հնարավորությունների դաշտ է բացվել։ «Հայկական ապրանքները միշտ դժվարությամբ են դուրս բերվել իրանական շուկա։ Եթե Իրան էր արտահանվում հայկական 100 տեսակ ապրանք, ապա Իրանից Հայաստան՝ 600 տեսակ»,- նշել է իրանագետը։

Նա նշել է, որ այս պահին երկու կողմերը ուսումնասիրում են այն գլխավոր ապրանքները, որոնք շահավետ կլինեն կողմերի համար։ Իսկանդարյանի կարծիքով ազատ առեւտրի գոտի ստեղծելու ակտիվ քննարկումները նույնպես թույլ կտան բիզնես շրջանակներին ավելի ակտիվորեն բարձրացնել այդ հարցը։