Վրաստանի լեյբորիստները պահանջում են, որ իշխանությունները երկրի մայր օրենքում մտցնեն փոփոխություններ, որոնք երկրի նախագահին կարգելեն մինչ նախագահական լիազորությունների ավարտը զբաղեցնել առանցքային պաշտոններ (վարչապետ, ԱԺ նախագահ): Սահմանադրության ներկա մոդելը, համաձայն վրաց ընդդիմադիրների, իշխող մեծամասնությունը ամեն կերպ փորձում է անցկացնել եւ ցմահ իշխանության ղեկին պահել գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Լեյբորիստական կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին մամուլի ասուլիսում հայտնել է, թե ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ «արյունարբու Սահակաշվիլին սահմանադրական փոփոխությունների միջոցով մտադիր է անորոշ ժամկետով երկարացնել իր բռնապետական իշխանությունը» եւ այդ նպատակով էլ մտադիր է նախագահի գլխավոր լիազորությունները փոխանցել վարչապետին, որպեսզի սեփականաշնորհի այդ պաշտոնը: «Այդ ավերիչ գործընթացը կարող է կանգնեցնել միայն մեր կողմից մշակված սահմանադրական փոփոխությունների նախագիծը»,-ասել է Նաթելաշվիլին:

Նա ընդդիմադիր ուժերին, ովքեր մասնակցում են սահմանադրական բարեփոխումենրի նախագծի քննարկումներին, կոչ է արել չստեղծել  կեղծ տպավորություն, թե իբր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հաշվի է առնում նրանց կարծիքը նույնպես: «Թույլ մի տվեք, որ Սահակաշվիլին օգտագործի ձեզ որպես թզի տերեւ»,-նշել է Նեթալաշվիլին՝ կոչ անելով պաշտպանել  իրենց՝ լեյբորիստների նախաձեռնությունը:     

Այսօր էլ Լեյբորիստական կուսակցության առաջնորդը քննադատել է Եվրոպայի խորհրդին եւ Վենետիկի  հանձնաժողովին այն բանի համար, որ այդ կազմակերպությունները առաջին անգամ չէ, որ  աչք են փակում Սահակաշվիլիի նման նախաձեռնությունների վրա: «Մենք հայտարարում ենք, որ նման քաղաքականությամբ ԵԽ-ն եւ Վենետիկի հանձնաժողովը պատասխանատվություն են կրելու Վրաստանում տեղի ունենալիք հնարավոր բոլոր իրադարձությունների համար»,-ասել է Նաթելաշվիլին: