«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի ծնողները, որոնց անհայտ պատճառներով հեռացրել էին աշխատանքից, չեն վերականգնվել իրենց նախկին աշխատանքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց հենց ինքը՝ Թորոսյանը:

Ինչ վերաբերում է իր ծնողների պես աշխատանքից ազատված մյուս հայ ուսուցիչներին, ապա նրանց մի մասը վերադարձել են իրենց աշխատանքին: «Սակայն աշխատանքի վերադառնալու գինը եղել է նրանց տված խոստումն այն մասին, որ հայագիտական առարկաները դասավանդելու են այն մեթոդներով, ինչպես որ դպրոցի տնօրինությունը կպահանջի: Այսինքն՝ դասաժամերի ժամանակ չեն խոսելու ջավախահայության խնդիրներից, չեն բողոքելու Վրաստանի քաղաքականությունից, հայերենի դասաժամերի կրճատումից եւ այլն»,-նշեց պատգամավորը: Նա նաեւ հավելեց, որ իր ծնողների, ինչպես նաեւ նրանց պես աշխատանքից հեռացված մյուս հայ ուսուցիչների հարցը բարձրացնելու է Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Շաշկինի՝ Հայաստան կատարելիք առաջիկա այցի ժամանակ: «Խնդրելու եմ ՀՀ կրթության եւ գիտության նախարարին հիշյալ հարցը առաջադրել վրաց նախարարին»,- ասաց նա:

Նշենք, որ Շիրակ Թորոսյանի ծնողները դասավանդում էին Գանձայի Շոթա Ռուսթավելիի անվան միջնակարգ դպրոցում: Նա կարծում է, որ հեռացման պատճառը կապված է իր անձի հետ, քանի որ ինքը զբաղվում է ջավախահայության խնդիրներով եւ բարձրաձայնում է դրանց մասին: Հայազգի մյուս ուսուցիչներին աշխատանքից ազատած դպրոցների տնօրենները ոչ մի կերպ չեն պատճառաբանել իրենց որոշումը, ընդամենն ասել էին. «Գնացեք պատճառները ձեր մեջ փնտրեք»: Շիրակ Թորոսյանի խոսքով՝ միակ պատճառն այն է, որ այդ ուսուցիչները ազգային դիմագիծ ունեն, հայեցի դաստիարականություն են տվել աշակերտներին եւ նրանց հայրենասիրություն քարոզել:

Ըստ Թորոսյանի, այս տարի հայկական դպրոցներում հայերենի դասաժամերը կրճատվել են՝ ի հաշիվ վրացերենի: Եթե նախկինում հայերենի դասաժամերին հատկացվում էր  շաբաթական 8 ժամ, ապա այս ուսումնական տարում` 5 ժամ:  

Հիշեցնենք, որ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այս տարվա ապրիլի 16-17-ն աշխատանքային այցով Վրաստանում էր, որի ընթացքում Վրաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է  Վրաստանում հայկական դպրոցների հետ կապված խնդիրները: