Հայաստանի «Երկրապահ» կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հայտարարություն է տարածել՝ շնորհավորելով հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Անկախության այս 19 տարիների ընթացքում, մենք հաղթահարեցինք լուրջ դժվարություններ, պաշտպանեցինք Արցախի ինքնուրույնությունը, ստեղծեցինք հզոր բանակ եւ շարունակում ենք կայացնել ու հզորացնել մեր պետականությունը: Սա մեր ժողովրդի դարավոր երազանքն է, որին տեր ենք մեր արժանապատվությամբ:
Մեր ժողովուրդն իր դժվարությունների, մաքառումների, զրկանքների եւ հերոս տղաների արյան գնով աշխարհին ապացուցեց, որ կարող է ապրել ազատ ու անկախ, կարող է իր որդիների կյանքի գնով պաշտպանել անկախ ապրելու իր սրբազան իրավունքը: Ազատության ու անկախության հաղթանակի դրոշը պարզած հայ ժողովուրդը մշտապես հավատով ու հույսով լցված պիտի նայի ապագային եւ միակամ շարժվի դեպի համահայկական իղձերի իրականացում:
Անկախության տոնը մեր ժողովրդի տոնացույցի ամենագլխավոր օրն է, մեր նորանկախ պետության ու ժողովրդի երանելի ճանապարհը, որի խաղաղ ընթացքի ապահովման համար թափված արյան արժեքի գիտակցումով երկրապահները, հանրապետության բոլոր ազատամարտիկները միշտ պատրաստ են ու զգոն: Միասնականության ամուր հավատով, ու հանուն մեր սուրբ նահատակների մենք պարտավոր ենք հաղթահարել նաեւ ժամանակի մարտահրավերները եւ առաջ ընթանալ` ապագան վստահելով նոր սերնդին:
Անկախության տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ բոլորիս, զոհված ազատամարտիկների մայրերին, հարազատներին, միշտ մարտունակ արցախահայությանը, աշխարհասփյուռ հայ ժողովրդին եւ ցանկանում խաղաղություն ու անսպառ հավատ պայծառ ապագայի հանդեպ»:




























