Կիբերանվտանգության մասնագետ Անանդ Փրակաշը Facebook սոցիալական ցանցում պարզ, բայց բավական վտանգավոր համակարգային սխալ է (bug) հայտնաբերել, ինչի համար ընկերությունը նրան 15 հազար դոլար պարգեւ է տվել: Այս մասի գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Verge-ը:
Facebook-ում էջի վերականգնման ժամանակ սոցցանցը հեռախոսին վեցանիշ կոդ է ուղարկում, որը մեկանգամյա օգտագործման գաղտնաբառ է ծառայում: Սխալ կոդ ներմուծելու դեպքում, տասներորդ փորձից հետո, Facebook-ը փակում է էջ մուտք գործելու հնարավորությունը: Սակայն Փրակաշը նկատել է, որ beta.facebook.com հասցեում փորձերի սահմանափակում չկա: Այդպիսով, նա կարող էր ցանկացած էջի հասանելիություն ունենալ՝ պարզապես գտնելով գաղտնաբառը:
Անանդ Փրակաշը Facebook-ին հաղորդել է վտանգավոր հայտնագործության մասին, եւ խափանումն ուղղվել է: Ութ օր անց մասնագետը սոցիալական ցանցից 15 հազար դոլար է ստացել: Ընդհանուր առմամբ, 2011 թվականից ի վեր, երբ սկսել է գործել սխալների մասին հաղորդելը թույլատրող ծրագիրը, Facebook-ն ավելի քան 4.3 մլն դոլար է վճարել:





























