Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման նախագծի իրականացման ճանապարհին ոչ մի խոչընդոտ չկա։ Այս մասին մարտի 9-ին՝ «Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները տարածաշրջանային գործընթացների ենթատեքստում» թեմայով քննարկման ժամանակ, ասել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ Գոհար Իսկանդարյանը։ Քննարկումը կազմակերպել էին Տնտեսական լրագրողների ակումբն ու «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը։
Նրա խոսքով՝ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության հիմքը արդեն գցված է, սակայն աշխատանքները չեն իրականացվում, քանի որ Իրանը անհրաժեշտ միջոցներ չունի։ «Նախագիծն ամբողջովին ֆինանսավորում է իրանական կողմը, որը 15 տարի կշահագործի ՀԷԿ-ը, իսկ հետո նախագիծը կանցնի Հայաստանին»,- նշել է Իսկանդարյանը։ Նրա կարծիքով՝ նախընտրելի կլիներ, եթե Հայաստանը ավելի ակտիվ լիներ Իրանի հետ համագործակցության հարցում։
Հիշեցնենք, որ Մեղրիի ՀԷԿ-ը պլանավորվում է կառուցել Արաքս գետի վրա՝ հայ-իրանական սահմանին։ Շինարարությունը սկսվել էր 2012թ. նոյեմբերի 8-ին, հանձնման ժամկետները լրանում են 2017թ.։




























