«Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի կողմից այսօր՝ մարտի 9-ին, Մատենադարանի մոտ բաց թողնվեցին մեկ տասնյակ ամլացված (ստերիլացված) թափառող կենդանիներ։ 

«Այսօր մոտ 40 կենդանի, որոնք ամլացվել են եւ բուժումներ են ստացել տարբեր հիվանդությունների դեմ, բաց են թողնվելու Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Յունիգրաֆ-Իքս» կազմակերպության լրատվության պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը:

Մատենադարանի մոտ, տեսնելով ազատ արձակվող շներին, քաղաքացիներից մեկը դժգոհեց քաղաքի բանուկ հատվածներում թափառող կենդանիներին բաց թողնելուց:

«Տարել են կենդանիներին ստերիլացրել են, բերել են նորից քաղաքի կենտրոնում բաց են թողնում, դրա միտքը ես չեմ հասկանում: Իհարկե, հասկանում եմ, որ որոշ մարդիկ գումար են լվանում, պետությունից գումար են վերցնում, որ դեղամիջոցներով բուժեն, հիմա էլ մարդկանց ցույց են տալիս` իբր գործ են անում»,- ասաց նրանցից մեկը:

Լիլիթ Գրիգորյանը, սակայն, նշեց, որ ամլացված կենդանիները բաց են թողնվում քաղաքի թե' ծայրամասային, թե' կենտրոնական հատվածներում. այսպիսին են Երեւանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի պարտավորությունները: Թե քանի թափառող կենդանի պետք է ամլացնի եւ բուժի կազմակերպությունը նույն քաղաքապետարանի կողմից տարեկան 110 մլն դրամ ստանալու դիմաց, «Յունիգրաֆ-Իքս»-ի ներկայացուցիչը չկարողացավ հիշել։ «Պայմանագրում որոշակի թիվ կա նշված, այս պահին, անկեղծ ասած, անգիր չեմ հիշում»,- ասաց  Լիլիթ Գրիգորյանը:

Վերջինը հիշեց միայն, որ այս տարվա առաջին 3 ամիսներին «Յունիգրաֆ Իքս»-ի կողմից ստերիլացվել է 850 թափառող կենդանի: