Վրաստանն օգտագործել է իրանական գործոնը, որպեսզի ճնշի ադրբեջանական SOCAR–ին գազի վերաբերյալ բանակցություններում։ Այս մասին մարտի 9-ին Երեւանում Տնտեսական հարցեր լուսաբանող լրագորղների ակումբի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ Պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման ու միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը ՝ պատասխանելով գազի մատակարարումների լրացուցիչ ծավալների վերաբերյալ Վրաստանի ու Ադրբեջանի Պետական նավթային ընկերության միջեւ կնքված պայմանագրից հետո Հայաստանի տարածքով իրանական գազը Վրաստան տարանցելու հեռանկարների մասին հարցին։

Նրա խոսքով, Բաքվի հետ գազի մասին բանակցությունների ժամանակ Վրաստանը արծարծել է Իրանի թեման, որպեսզի ցույց տա, որ ինքն այլընտրանք ունի, հետեւաբար կարող է ավելի շահավետ պայմանների հավակնել։ Եվ վատ չէր լինի, եթե Հայաստանն էլ նման հմտություն կիրառեր հենց նույն Ռուսաստանի հետ գազի շուրջ բանակցություններում։ Այդուհանդերձ՝ Հայաստանը Իրանի համար տարանցիկ ռեզերվ դառնալու լավ հնարավորություններ ունի, եթե Թեհրանի ու Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերություններում բարդություններ ծագեն։ « Իրանը Հայաստանին բարեկամական երկիր է համարում։ Հետեւաբար տարանցման նախագծերի համար հնարավորություն միշտ էլ կա։ Առավել եւս որ հիմա Հայաստանի իրանական գազամուղի հզորությունը ընդամենը 20-25 տոկոսով է ծանրաբեռնված»,- նկատել է Մարգարյանը։

Հիշեցնենք, որ գազի մատակարարումների մասին Վրաստանի հետ բանակցությունների մասին հունվարի սկզբին հայտնել էր իրանական National Iranian GasExports Company ընկերության գործադիր տնօրեն Ալիռեզա Քամելին։ Իրան-Հայաստան գազատարի հզորությունը կազմում է տարեկան 2 մլրդ 200 մլն խ/մ։