Սեպտեմբերի 20-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում պատվիրակության ղեկավար Լազար եպիսկոպոսը ներկայացրել էԽորհրդի անդամների տպավորություններն այցից, ապա ընթերցել  Էստոնիայի Եկեղեցիների խորհրդի նախագահ Իներսոնա արքեպիսկոպոսի ուղերձը:

Այնուհետեւ Գարեգին Բ կաթողիկոսը տեղեկացրել է, որ առաջիկայում կսկսի գործել երրորդ կրթական հոգեւոր հաստատությունը` Հառիճավանքի դպրանոցը:

Հանդիպմանը խոսվել է վանական կյանքի կարեւորության եւ դրա վերականգնման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Հյուրերին ներկայացվել է  նաեւ այն աշխատանքը, որ իրականացվում է սրբավայրերի պահպանության, նոր եկեղեցիների կառուցման, Մայր Աթոռի բարեկարգման համար:

Անդրադարձ է կատարվել  Էստոնիայում հայկական եկեղեցու գործունեությանը, հայ համայնքին, ինչպես նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին Քույր Եկեղեցիների հետ:

Հանդիպումից հետո պատվիրակությունն այցելել է Սուրբ Գեղարդավանք: Վերադարձին Խորհրդի անդամները Էջմիածնի Հայորդյաց տանը ներկա են գտնվել մանուկների ներկայացրած համերգային ծրագրին: