«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վահան Բաբայանը հաստատում է, որ շուտով կհեռանա կուսակցությունից: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ շուտով հանդես կգա այդ մասին հայտարարությամբ:

«Այս պահին գտնվում եմ քննարկումների մեջ իմ կուսակցականների, համակիրների հետ եւ նման որոշում կայացնելուց առաջ ես պետք է քննարկեմ  նրանց հետ: ԲՀԿ կուսակցությանը ես տեղյակ եմ պահել իմ որոշման մասին: Թե ինչի հետ է կապված իմ որոշումը, չեմ ուզում մեկնաբանել, բայց ասեմ, որ հիմնականում տարաձայնությունները կուսակցության քաղաքական գծի հետ են կապված, ես չեմ կիսում կուսակցության ընտրած քաղաքական գիծը: Գտնում եմ, որ իմ գործունեությունն ինքնուրույն շարունակեմ, այլ ոչ թե քաղաքական ապագաս կապեմ ԲՀԿ-ի հետ:  Կուսակցությւոնից հեռանալուց հետո շարունակելու եմ իմ քաղաքական գործունեությունը»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել էր, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հեռանալը կուսակցությունից անակնկալ չի լինի, որովհետեւ նա տարաձայնություններ ունի կուսակցության քաղաքական գծի հետ:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ԲՀԿ անդամ Վահան Բաբայանը այսօր հայտարարելու է կուսակցությունը լքելու մասին: «Ժամանակ» թերթի փոխանցմամբ, նա միակը չէ, որ մեղադրում է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին սխալ քաղաքական որոշում կայացնելու համար: «ԲՀԿ տարածքային կառույցների հետ աշխատանքի գծով պատասխանատու Աբրահամ Մանուկյանը եւս անթաքույց աշխատում է կուսակցության նախագահի դեմ: Նա հայտարարում է, որ Զոհրաբյանը «պաթոլոգիկ ընդդիմադիր է» եւ կուսակցությունը տանում է կործանման: Մեզ հասած տեղեկություններով՝ Ա. Մանուկյանն այժմ զբաղված է դժգոհներին կազմակերպելով, որպեսզի խմբովին դուրս գան կուսակցությունից»,-գրել է թերթը: