ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցների ժամկետը եւս մեկ տարով երկարաձգել է: Այս մասին ասված է պետության ղեկավարի՝ ԱՄՆ Կոնգրեսին ուղղված ծանուցման մեջ:
Սպիտակ տան մամուլի ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն, Օբաման դրանում հիշեցնում է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնության, ինչպես նաեւ այն մասին, որ 2016 թվականին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատել է, որ Իրանը կատարում է գործարքի դրույթները:
«Ամեն դեպքում, Իրանի կառավարության որոշակի գործողություններն ու որոշումները հակասում են տարածաշրջանում Միացյալ Նահանգների շահերին եւ շարունակում են արտակարգ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության եւ տնտեսության համար: Այդ առիթով ես որոշում եմ ընդունել այն մասին, որ անհրաժեշտ է երկարաձգել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ ի պատասխան այդ սպառնալիքի»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Ըստ ՏԱՍՍ-ի, Վաշինգտոնը բազմիցս է ընդգծել, որ, չնայած միջուկային գործարքին, որը միտված է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստեղծել, Թեհրանի քաղաքականությունն ընդհանուր առմամբ անհանգստություն է առաջացնում: Խոսքը, մասնավորապես, մարդու իրավունքների խնդիրների եւ բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի մասին է:





























