ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը որոշել է Ադրբեջանի իշխանությունների հետ ջանքեր գործադրել այդ երկրում խորհրդարանական ընտրությունների «ժողովրդավարական» արշավի պատրանք ստեղծելու համար: Իլհամ Ալիեւը, որ զրկել է ընդդիմությանը հանրային կարծիքի վրա ազդելու ցանկացած հնարավորությունից, սկսել է տեղեկատվական սեմինարների միջոցով բացատրել իր իսկ պաշտոնյաներին ընտրական գործընթացին միջամտելու անթույլատրելիությունը:
Արդյունքում, Բաքվում սեպտեմբերի 20-ին բացվել է «Ընտրական գործընթացին ապօրինի միջամտության անթույլատրելիությունը» տեղեկատվական նստաշրջանը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի աջակցությամբ:
Ընթացիկ շաբաթվա ընթացքում նմանօրինակ միջոցառումներ կկայանան հանրապետության մի շարք տարածաշրջաններում:
Ամենից ցինիկ փաստը դարձավ այն գլխավոր դերը, որը կազմակերպիչները հատկացրել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովին: Տվյալ բարձրաստիճան պաշտոնյան, որն անձամբ է համակարգում գրաքննությունը կենտրոնական լրատվամիջոցներում եւ պաշտոնյաների աշխատանքը տեղերում, խելոք դեմքով բացատրում է վերջիններիս, որ «շրջանային գործադիր մարմինների, ոստիկանության եւ պետական կառույցների դերը կայանում է նրանում, որ ընտրական գործընթացն անցնի հանգիստ մթնոլորտում»: Իհարկե, առանց հավելյալ մեկնաբանությունների է մնացել այն փաստը, որ «հանգիստ մթնոլորտ» ասելով Ադրբեջանի իշխանությունները նկատի ունեն կառավարաող «Ենի Ազերբայջան» կուսակցության ջախջախիչ հաղթանակը, որի հասնելու միակ ուղին վարչական ռեսուրսի եւ գրաքննության օգտագործումն է:
Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, տվյալ դեպքում ԵԱՀԿ Բաքվի գրասենյակին, ալիեւյան կլանին աջակցելը նրանց համար վաղուց «բարի» ավանդույթ է դարձել:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կայանալու են նոյեմբերի 7-ին:





























