Վրաստանի խորհրդարանում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Դիլար Խաբուլիանին լքել է Վրաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: Այս մասին նա ասել է սեպտեմբերի 20-ին` սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լադո Վարձելաշվիլիի հետ հանդիպումից հետո:
Ինչպես նշում է «Նովոստի Գրուզիա»-ն, ձյուդոյի ֆեդերացիայի շուրջ սկանդալը հասունացել է այն բանից հետո, երբ օլիմպիական չեմպիոն Իրակլի Ծիրեկիձեին զրկել են Տոկիոյում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից` ուշանալու համար: Պատճառը, որ մարզիկը ուշ է հայտնվել տատամիում` մարզիչի սխալն է եղել:
Վրաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստից առաջ, սեպտեմբերի 18-ին, ձյուդոյի Վրաստանի հավաքականի մարզիչ Ամիրան Տոտիկաշվիլին հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: Բացի այդ, աշխատանքից հեռացվել է հավաքականի ողջ մարզչական կազմը: Վրացի մարզիկները Տոկիոյում կայացած աշխարհի առաջնությանը զբաղեցրել են ընդամենը 16-րդ տեղը:


























