Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Հուսեյն Ջաբեր Անսարին հայտարարել է , որ բալիստիկ հրթիռների գործարկումը «վեցնյակի» հետ կնքած միջուկային գործարքի խախտում չէ։

«Հրթիռային ծրագիրը եւ Իրանի կողմից զորավարժությունների ժամանակ հրթիռի փորձնական գործարկումը վեց երկրների հետ միջուկային գործարքի եւ միջուկային զենք չկիրառելու մասին պարտավորությունների խախտում չէ»,- մեջբերում է Reuters-ը Անսարիի հայտարարությունը, որը նա արել էր պետական հեռուստաալիքի եթերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Իրանի ռազմատիեզերական ուժերը բալիստիկ հրթիռներ էին արձակել սեփական արտադրության հիթիռների փորձարկումների եզրափակիչ փուլում։ Փորձարկումներն անցել են Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի կազմի Ռազմատիեզերական ուժերը՝ «Ուժի եւ անվտանգության ցուցադրում՝ միասնականության, համակարծության, համաձայնության ու միասնական լեզվի ներքո» կարգախոսով: Իրանի տարբեր հատվածներից աձակվել են մեծ, միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ։