Ապօրինի ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող, դերասան Գոռ Վարդանյանի գործով դատական հերթական նիստն այսօր՝ մարտի 10-ին հետաձգվեց:

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր գործով մեղադրողը միջնորդեց նիստը հետաձգել մեկ ամսով, քանի որ հարցաքննություններ են անցկացվում:

Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ հաջորդ դատական նիստը նշանակեց ապրիլի 11-ին:

Նշենք, որ Գոռ Վարդանյանը նիստից հետո հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Վարդանյանն ուղղակի առնչություն է ունեցել «Դյուքենդո հայկական ֆեդերացիա» անվանմամբ հասարակական կազմակերպության հետ: Գոռ Վարդանյանը քննությամբ չպարզված անձից և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և նույն ՀԿ-ի կողմից օգտագործվող տարածքում, մինչև խուզարկությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերելը, պահել է ռազմամթերք:

Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: