Կարելի է վստահաբար ասել, որ Հայաստանի պետական մարմինների կայքերը հուսալիորեն պաշտպանված են: Այդ մասին սեպտեմբերի 20-ին հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ տեղեկատվական անվտանգության հայեցակարգի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում:

Ինչպես NEWs.am-ին հայտնում են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից, Արթուր Բաղդասարյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում ընդլայնվել է ինտերնետ տարածվածության աստիճանը, տեղեկատվական անվտանգության հայեցակարգի հաստատումից հետո ազգային անվտանգության ծառայության եւ պետական մյուս լիազոր մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ էականորեն բարձրացել է պետական մարմինների պաշտոնական կայքերի պաշտպանվածության մակարդակը:

Հանձնաժողովն անդրադարձել է Հայաստանի տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում կադրերի պատրաստման եւ վերապատրաստման ծրագրին, որը նախատեսվում է ներդնել հաջորդ տարվանից:

Տեղեկատվական անվտանգության ոլորտում ազգային օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կատարված մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է համապատասխան օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտությունը:

Նիստում որոշվել է մշակել Հայաստանում ռադիոսարքավորումների սերտիֆիկացման կարգը, որի ընդունումն էականորեն կբարելավի այս ոլորտում Հայաստանի տեղեկատվական անվտանգության մակարդակը: Այս մասին հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը։

Նշենք, որ միայն անցած տարի հայտնաբերվել է հազար հաքերային հարձակում ՀԱՊԿ անդամ-պետությունների, այդ թվում Հայաստանի տեղեկատվական կայքերի վրա: