Սեպտեմբերի վերջին ԱՄՆ-ի զինվորական դատարանում տեղի կունենան 5 սադիստ զինվորների գործով նախնական լսումները: Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, ԱՄՆ բանակի ավագ սերժանտ Քելվին Գիբսը, կապրալ Ջերեմի Մորլոքը, շարքային Էնդրյու Հոլմսը, մասնագետներ Մայքլ Ուեգնոնը եւ Ադամ Ուինֆիլդը մեղադրվում են երեք խաղաղ աֆղանցիների սպանության մեջ, որոնց վրա նրանք նռնակ են նետել, հետո` գնդակահարել:

Նշենք, որ Պենտագոնում սկանդալը հասունացել է սեպտեմբերի  առաջին կեսին, երբ 5 զինվորականների մեղադրեցին խաղաղ բնակիչների սպանության, իսկ եւս 7 հոգու` այդ հանցագործությունը կոծկելու մեջ:

Բոլոր կասկածյալ զինվորականները ծառայել են 5-րդ բանակային Striker բրիգադում, որը նախորդ տարվանից տեղակայված է Աֆղանստանում եւ մասնակցել է ծանր մարտերի Քանդահարում: Զինվորական հետաքննության ընթացքում արդեն հայտնի է դարձել, որ զինվորների զոհերը եղել են ոչ թե գրոհայինները, այլ պատահաբար նրանց ձեռքն ընկած խաղաղ աֆղանցիները եւ սպանությունները կատարվել են «սպորտային հետաքրքրությունից ելնելով»: Սպանվածների մարմինները հետո կտոր-կտոր են արել, որպեսզի նրանց գանգի ու այլ հատվածների ոսկորները վերցնեն որպես «ռազմավար»:

Սպանությունները կատարվել են Քանդահար նահանգում` այս տարվա հունվար-մայիս ամիսներին: Եւս 7 զինվորականներ մեղադրվում են հետաքննությանը խանգարելու, ինչպես նաեւ այդ 5 հոգուց մեկին սպառնալու մեջ, ով հայտնել էր տեղի ունեցածի մասին: Եթե զինվորականներին մեղավոր ճանաչեն, նրանք կարող են ենթարկվել ցմահ բանտարկության: Բոլոր մեղադրյալները հերքում են իրենց մասնակցությունը հանցագործությանը:

Նշենք, որ այս ամենի մասին պատմել է զինվորներից մեկը: Նա իր հորը, ով ԱՄՆ բանակի ծովային հետեւակի պաշտոնաթող զինվորական է, գրել է սոցիալական Facebook ցանցում, որից հետո 22-ամյա Ադամ Ուինֆիլդի հայրը` Քրիստոֆեր Ուինֆիլդը մի քանի անգամ փորձել է այդ տեղեկությունները հասցնել Պենտագոն, ներկայացնելով այն գազանությունները, որոնք տեղի են ունենում Բանակի 5-րդ բրիգադում:

Ամերիկյան հրամանատարությունը մտավախություն ունի, որ կատարված հանցագործության մանրամասները ցասում ու պայթյուն կառաջացնեն Աֆղանստանում, որտեղ առանց այդ էլ կոալիցիոն ուժերի զորքերի կողմից խաղաղ բնակիչների սպանությունները տեղի բնակչությանը տրամադրել են դաշնակից ուժերի դեմ: