Սեպտեմբերի 21-ին Հայաստանում նշում են Անկախության օրը: Այսօր երկրի ղեկավարությունը եւ հազարավոր քաղաքացիներ այցելել են Եռաբլուր եւ ծաղկեպսակներ դրել հերոսների շիրիմներին: Նախորդ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տոնական ընդունելության ժամանակ մշակույթի եւ հասարակական գործիչներին ու զինվորականներին հայկական պետականության կայացման գործում ունեցած ներդրման համար պարգեւատրել է շքանշաններով եւ մեդալներով:

Այսօր ամբողջ հանրապետությունում տեղի կունենան տոնական միջոցառումներ: Երիտասարդական կազմակերպությունները նախատեսում են անցկացնել հայրենասիրական երթ: Գլխավոր համերգը` հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ տեղի կունենա Հանրապետության հրապարակում: Օրվա վերջում կտրվի տոնական հրավառություն:

Նշենք, որ այս տարի կառավարության որոշմամբ, Հայաստանում ոչ աշխատանքային էին սեպտեմբերի 20-ն ու 21-ը:
Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Այդ փաստաթղթով վերացվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը եւ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականության մասին հանրաքվե: Հանրապետության քաղաքացիների 94,99 տոկոսը «այո» ասաց Անկախությանը: Երկու օր անց Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն: