Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին Հայաստան-ԱՄՆ ՏՏ ակսելերացիոն ծրագրի շրջանակում կօգնեն կապեր հաստատել ԱՄՆ-ի գործընկերների հետ: Ձեռնարկությունների ինկուբացիոն հիմնադրամում (EIF) NEWS.am-ին հայտնեցին, որ ծրագիրն իրականացվելու է Հայաստանի կառավարության, Համաշխարհային բանկի եւ Ձեռնարկատիրության ուսուցման եւ զարգացման կանադական կենտրոնի (CEED) աջակցությամբ:
Ակսելերացիայի ծրագրին կարող են մասնակցել սկսնակ ՏՏ ընկերություններն ու նորարարական լուծումներ առաջարկող ձեռնարկությունները:
Ընկերությունների ներկայացուցիչների համար կառավարման եւ արտադրանքի առաջխաղացման վերաբերյալ սեմինարներ կկազմակերպեն, նրանց հնարավորություն կընձեռվի կապեր հաստատել ներքին շուկայում եւ ԱՄՆ-ում: Ազգային ընտրությունն անցած ընկերություններից 5-ը 2016 թվականի հունիսին Սիլիկոնային հովտում կմասնակցեն Հայաստանի սկսնակ ՏՏ ձեռնարկությունների համաժողովին:
Ծրագրի մասնակիցները կկարողանան նաեւ կապեր հաստատել CEED համաշխարհային ցանցի գործարարների եւ ներդրողների հետ:





























