Անկախությունը Աստծու պարգեւ է, ողջ ազգի ձեռքբերումը, ինչպես մեզնից յուրաքանչյուրի, այնպես էլ մեր բոլոր հայրենակիցների ձեռքբերումը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նրա խոսքով, անկախ լինելը բնական ցանկություն է, որը բնորոշ է իրեն հարգող ցանկացած ժողովրդի:

«Ես երբեք չեմ հասկացել «Իսկ ի՞նչ է ձեզ տալիս անկախությունը» հարցի տրամաբանությունը: Մենք այսօր լուծում ենք մեր ազգային, պետական հարցերը, ինքներս ենք որոշում մեր ապագան, եւ այդ ամենը՝ անկախության շնորհիվ»,- ասել է փոխնախագահը:

«Երբ ինձ հարցնում են՝ սրա մասի՞ն  էիք երազում», ես պատասխանում եմ՝ իհարկե ոչ, բայց հիշեք, թե ինչ էր 15 տարի առաջ, ապա շրջվեք եւ նայեք ձեր կողքը»: Երազանքը միշտ ավելի գեղեցիկ է, քան իրականությունը, բայց անկախությունը ժողովրդին եւ ազգին հնարավորություն է տալիս պայքարել դրա համար, հասնել իր նպատակներին»,- կարծիք է հայտնել ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ 15 տարի առաջ, ինչպես եւ այսօր, լավատես է:

«Ժամանակին ես գործազուրկ էի, բայց հավատում էի ապագային, ինչպես հավատում եմ այսօր»,- հավաստիացրել է Նիկոյանը՝ համոզմունք հայտնելով, որ 15 տարի անց ավելի լավ կլինի:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Այդ փաստաթղթով վերացվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը եւ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականության մասին հանրաքվե: Հանրապետության քաղաքացիների 94,99 տոկոսը «այո» ասաց Անկախությանը: Երկու օր անց Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն: