Ռուսաստանն Իրանին Ս-300 զենիթահրթիռային համալիրներ կմատակարարի մինչեւ տարեվերջ։ Այս մասին Wall Street Journal-ին հայտնել է «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովը։
«Ես կարծում եմ, որ մենք Ս-300 համալիրները կմատակարարենք մինչեւ տարեվերջ»,- ասել է նա՝ նշելով, որ առաջին մատակարարումները կլինեն սեպտեմբերին կամ օգոստոսին։
Չեմեզովի խոսքով՝ Իրանի մատակարարումներն ապահովելուց հետո դրանց արտադրությունը հավանաբար կդադարեցվի։
Նա հիշեցրել է, որ իրանական կողմը պայման էր դրել՝ ասելով, որ իրեն պետք են միայն Ս-300 ՊՄՈւ-1 սարքավորումներ։ «Մենք առաջարկել էինք «Անտեյ 2500», սակայն նրանք հրաժարվեցին»,- մեջբերում է «Ինտերֆաքս»-ը Չեմեզովի խոսքը։
Հիշեցնենք, որ Իրանը 2007թ.-ին Ս-300 ԶՀՀ մատակարումների պայմանագիր էր կնքել։ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցներից հետո պայմանագրի իրականացումը կասեցվել էր։ Իրանը Ռուսաստանի դեմ Միջազգային արբիտրաժային դատարան հայց էր ներկայացրել։
2015թ. ապրիլին միջուկային գործարք կնքելուց հետո մատակարարումների արգելքը հանվել էր։





























