Լենինգրադյան եւ Շինարարների փողոցների հատման հատվածում տեղի ունեցած վթարի հետեւանքով «Արմենիա» բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունք տեղափոխված չորս ուղեւորներից մեկը՝ «Աննա» հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհի Արփինե Իսրայելյանը քիչ անց կվիրահատվի: Բաժանմունքի հերթապահ բժիշկը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ վթարի հետեւանքով կոտրվել է Արփինե Իսրայելյանի բազուկոսկրը ու այն պետք է շտապ վիրահատվի: Վթարի հետեւանքով վնասվածքներ ստացած մյուս ուղեւորը` Ներսես Սեդրակյանը եւս այժմ «Արմենիա» բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքում է եւ համապատասխան բուժում է ստանում: Իսկ մյուս երկու ուղեւորները՝ Հովհաննես Վադիմի Սպարտալյանը եւ Սերգեյ Վարդանի Հակոբյանը,  առաջին բժշկական օգնություն են ստացել եւ դուրս գրվել:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 23:30-ի սահմաններում Լենինգրադյան եւ Շինարարներ փողոցների հատման հատվածում իրար էին բախվել «Մերսեդես ML» մակնիշի 60 SO 101, «Օպել» մակնիշի 22 OS 803 եւ «Կոմս» տաքսի ծառայության «ՎԱԶ» 2107 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Մերսեդեսի ուղեւորներ 21-ամյա Հովհաննես Վադիմի Սպարտալյանը եւ 20-ամյա Սերգեյ Վարդանի Հակոբյանը, «Օպել» մեքենայի վարորդ 25-ամյա Ներսես Վարդանի Սեդրակյանը եւ ուղեւոր 20-ամյա Արփինե Աշոտի Իսրայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի