Ամերիկյան Բերքլի համալսարանի գիտնականները մշակել են մագնիսային չիպեր, որոնք տեղեկությունները մշակելիս միլիոն անգամ ավելի քիչ էներգիա են սպառում, քան ժամանակակից համակարգիչների տրանզիստերները, գրում է Gazeta–ն:

Հետազոտության հեղինակներից մեկի՝ Ջեֆրի Բոքորի խոսքով, ժամանակակից էլեկտրոնիկայի խնդիրներից մեկը դրա էներգասպառումն է ու գերտաքացումը: Իր գործընկերների հետ միասին Բոքորը փնտրում էր միջոց ՝ հնարավորինս նվազեցնել այդ ցուցանիշը, ընդհուպ մինչեւ Լանդաուէրի սահմանը ՝ էներգիայի տեսականորեն նվազագույն մեծությունը, որը պահանջվում է մեկ բիթ տեղեկություն մշակելու համար ( երեք զեպտոջոուլ):

Բերքլիի գիտնականները որոշել են օգտագործել այսպես կոչված մագնիսային բիթերը, որտեղ «0» կամ «1» խորհրդանիշի համար ոչ թե էլեկտրոնների հոսքն է պատասխանատու, այլ նանոմասնիկների մագնիսականացման ուղղությունը: Փորձի արդյունքում մեկ բիթ տեղեկություն մշակելու համար հաջողվել է ծախսել ընդամենը չորս զեպտոջոուլ, ինչը հազարավոր, իսկ երբեմն էլ միլիոնավոր անգամ քիչ է, քան այսօր անհրաժեշտ է համակարգիչներին:

Սակայն գիտնականները շեշտում են, որ համակարգիչների ստեղծման ոլորտում գլոբալ հեղաշրջում մոտ ժամանականերս պետք չէ ակնկալել, քանի որ չիպերը դեռ պատրաստ չեն գործնական կիրառման: