Այսօր Հայ եկեղեցին նշում է Մեծ Պահքի Գալստյան կիրակին։ Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանը փրկության ուղով առաջնորդվել: Այս կիրակին միեւնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի:

Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան եւ նրա նախանշանների մասին. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետեւ շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. եւ շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր…:

Ազգ ազգի դեմ պիտի ելնի, եւ թագավորությունն՝ թագավորության դեմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց: … Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24: 4-13):

Այս է Գալստյան կիրակիի խորհուրդը` կոչ համբերության, բարեպաշտության, պարկեշտության, որովհետեւ հոգու բյուրեղացմամբ եւ ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ հրաշափառ Գալստյանը: Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն էլ ունեն Գալստյան անունով կիրակի: