Այսօր` սեպտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության է դրվելու նախկինում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ, ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում դեսպան նշանակելու առաջարկը։

Հիշեցնենք, որ այդ պաշտոնում Բրայզայի թեկնածությունը պետք է քվեարկվեր դեռ օգոստոսին, սակայն դա արգելափակվել էր դեմոկրատ սենատոր Բարբարա Բոքսերի նախաձեռնությամբ։

Որոշ սենատորների կարծիքով` դեսպանի թեկնածու Բրայզան անբավարար ու խուսափողական պատասխաններ է տվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հին Ջուղայում հայկական խաչքարերի ոչնչացման խնդրում իր դիրքորոշմանը եւ Բաքվում ապագա ծառայությանը վերաբերող հարցերին։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Մեթյու Բրայզայի գործունեությունը տարածաշրջանում արդյունավետ չի եղել։

«Հստակ է, որ սենատորները մտահոգություններ ունեն պարոն Բրայզայի թեկնածության վերաբերյալ, անձ, ով վերջին տասը տարվա ընթացքում կապ է ունեցել Կովկասյան շրջանի հետ։ Այդ ժամանակաշրջանում դարձել ենք ապակայունացման եւ Ադրբեջանի կողմից հարձակվելու սպառնալիքներ հնչեցնելու ականատեսը։ Դրանում է համոզում անցած շաբաթավերջին Ղարաբաղում տեղի ունեցած հերթական միջադեպը, որի հետեւանքով զոհվեց հայ զինծառայող», - ասել է Չուլջյանն ու հավելել. «Ամերիկյան կառավարության քաղաքականությունը Ղարաբաղի եւ, ընդհանրապես, Հարավային Կովկասի նկատմամբ, դժբախտաբար, ձախողված է։ Այդ ձախողման դիմագիծը Մեթյու Բրայզան էր` իր զբաղեցրած տարբեր պաշտոններում։ Մենք ակնկալում ենք, որ այդ հանգամանքով մտահոգված սենատորները կցանկանան տեսնել նոր դեմք, Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի նոր թեկնածու:

Անշուշտ, քվեարկությունը վերջին խոսքը չէ։ Թեկնածուի վերաբերյալ հստակ մտահոգություններ ունեցող սենատորը կարող է կանխել հաստատումը, ինչպես անցյալում եղել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Ռիչարդ Հոգլանդի պարագայում։ Բայց եթե հանձնաժողովը քվեարկի ի նպաստ պարոն Բրայզայի, ապա հուսանք, որ մտահոգված սենատորները կդիմեն հաջորդ քայլին` կկանխեն նշանակումը»: