Իրանա-ադրբեջանական սահմանին սահմանապահների եւ սահմանախախտների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում 5 մարդ է սպանվել: Այս մասին գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով պետական սահմանապահ ծառայության մամուլի վարչության հաղորդագրությունը:
Տեղեկատվության համաձայն, առավոտյան ժամը 04:10-ի սահմաններում Յարդիմլինսկի շրջանի Դաշքենդ գյուղի մերձակայքում գտնվող սահմանապահ կետի տարածքում 8-10 հոգուց բաղկացած խումբ է հայտնաբերվել, որոնք փորձել են իրանական կողմից հատել Ադրբեջանի սահմանը:
Խումբն անտեսել է կանգ առնելու հրահանգը եւ կրակ բացել սահմանապահների ուղղությամբ: Փոխհրաձգության հետեւանքով 8 սահմանախախտ վիրավորվել է, եւս 2-ը՝ ձերբակալվել: Դեպքի վայր ժամանած բժիշկներին չի հաջողվել փրկել վիրավորներից մի քանիսի կյանքը:
Սահմանախախտների խմբում Բանգլադեշի քաղաքացիներ եւ նրանց ուղեկցորդներն են եղել: Վերջինները զինված են եղել: Սպանվածների ինքնությունը պարզվել է: Նրանցից երկուսը Օստաիր գյուղի բնակիչներ են՝ Սադիգ Ռագիմով եւ Աքպեր Գասիմով: Մյուս երեք սպանվածները բանգլադեշցիներ են, որոնց ինքնությունը դեռեւս պարզ չէ:





























